Աշխատանքային ժողով
Posted on November, 27 2018
Սույն թվականի նոյեմբերի 23-ին Վայոց ձորի Վայք քաղաքում տեղի ունեցավ Բնության համաշխարհային հիմնադրամի Էկոլոգիական միջանցքների ծրագրի աշխատանքային հանդիպումը։Ժողովին մասնակցեցին WWF Հայաստանի ղեկավարը, Վայոց ձորի մարզպետը, ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի, շահառու համայնքների և պատասխանատու կազմակերպություների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2015 թվականից ծրագրով իրականացված գործողությունները, առկա խնդիրները և 2019 թ. նախատեսվող աշխատանքները՝ հիմնականում թիրախային համայնքներում ներդրումների գերակա ուղղությունները:
Քննարկվեցին նաև որսագողության դեմ պայքարի բարելավման ճանապարհները, այդ թվում, ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմնի և ծրագրի խնամակալների միջև իրավական և գործնական հարաբերությունների հաստատման միջոցով: Որոշվեց պարբերաբար կազմակերպել երկուստեք ուսուցողական և ճանաչողական դասընթացներ՝ նշված ոլորտում արդյունավետ համագործակցության նպատակով:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև շահառու գյուղեր հանդիսացող Խաչիկի և Արտավանի հարակից անտառային տարածքների պահպանման և վերականգնման գործողությունների ծրագիրը, որը կիրականացվի WWF-ի ֆինանսավորմամբ և անտառային կոմիտեի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։