«Բարև Թրեյլզ» կամավորական նախագծի չորրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը Լոռու մարզի Դսեղ համայնքում
Posted on September, 30 2019
Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (Barev Trails) էկոտուրիզմի զարգացման ծրագրի չորրորդ փուլին, որը տեղի ունեցավ Լոռու մարզի Դսեղ համայնքում: Ծրագրի այս փուլը նվիրված էր մեծանուն հայ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին և նպատակ ուներ զարգացնել էկոտուրիստական ենթակառուցվածքները նրա ծննդավայրի տարածքում:Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը, իրականացվել է «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։
Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները կատարել են հետևյալ աշխատանքները․
- բարեկարգվել են «Գիքոր» և «Դսեղ» քայլարշավային արահետները, ինչպես նաև ստեղծվել է մեկ հեծանվային արահետ,
- տարածքում տեղադրվել է 12 բուսական և կենդանական աշխարհը, 3 պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական և 19 ուղղորդող ցուցանակ,
- արահետների գլխամասերում տեղադրվել է 2 տեղեկատվական փայտյա կրպակ՝ այցելուներին արահետի մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար,
- քայլարշավային արահետների սկզբնամասում տեղադրվել է Հ. Թումանյանի լրացված իրականությամբ (AR) ցուցանակ, որը սկանավորելով ARLOOPA հավելվածի միջոցով այցելուները կտեսնեն Թումանյանի պատկերը և կլսեն տեղեկատվություն Դսեղի մասին:
- «Գիքոր» քայլարշավային արահետի սկզբնամասում տեղադրվել է QR-կոդով ցուցանակ, որտեղից հնարավոր է ներբեռնել Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքը (հայերեն և անգլերեն) և արահետով քայլելու ընթացքում լսել այն,
- իրականացվել է արահետի ամբողջական գծանշում էկոլոգիապես մաքուր ներկերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, արահետի դժվարանցանելի մասերում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով: