Վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները
Posted on February, 26 2020
2019 թվականի նոյեմբերի 19-ին լուրեր տարածվեցին, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Առաջատար բնապահպանական կազմակերպությունների կողմից տարածքում կատարվել են հետազոտություններ, տեղադրվել են ֆոտոխցիկներ: 2020 թվականի փետրվարի 24-ին Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին ներկայացվեցին հետազոտությունների արդյունքները։Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ դաշտային աշխատանքների արդյունքում մասնագետները կատվազգիներին բնորոշ հետքեր են հայտնաբերել: Հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցվել են կենդանու մազերը և ուղարկվել Գերմանիա՝ լաբորատոր հետազոտության: Ըստ ստացված պատասխանների՝ կենդանին եղել է լուսան, ոչ թե ընձառյուծ:
Չնայած հետազոտության արդյունքներին՝ կենդանու հարձակումից տուժած Արման Գաբրիելյանը նշեց, որ շարունակում է մնալ իր տեսակետին. այն է՝ իր վրա հարձակված գազանն ընձառյուծ է եղել:
FPWC ընկերության տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և NABU Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը նույնպես նշեցին, որ իրենց կողմից տեղադրված ֆոտոթակարդներն ընձառյուծ չեն արձանագրել։ Ինչպես նշեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը՝ այդ տարածքում ընձառյուծի հայտնվելը քիչ հավանական է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ տարածքում բացակայում է ընձառյուծի հիմնական կերը՝ բեզոարյան այծը։
Մասնագետները նկատեցին, որ հետազոտությունները տվյալ տարածքում կշարունակվեն։