The WWF is run at a local level by the following offices...
WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամ) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետ համատեղ, «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում այցելություններ է կազմակերպել Հայաստանի Սյունիքի մարզի մի շարք սահմանամերձ դպրոցներ:
Այցերը նպատակ ունեին բարձրացնել սահմանամերձ համայնքներում ապրող աշակերտների իրազեկվածությունը իրենց հարակից տարածքի բնության պահպանության վերաբերյալ։ Որպես ապագա որոշումներ կայացնողներ` երեխաները գիտելիքներ ստացան իրենց համայնքներին հարակից պահպանվող տարածքների, իրենց շրջակայքում բնակվող վտանգված կենդանիների, նրանց սպառնացող հիմնական վտանգների և ապրելավայրերի մասին, ինչպես նաև WWF Հայաստանի և պետական բնապահպանական մարմինների կողմից իրականացվող բնապահպանական գործունեության և բնապահպանական բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Ինչպես նշեց WWF Հայաստանի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը, նման այցելությունները չափազանց կարևոր են երիտասարդության և բնության միջև կապ հաստատելու համար: «Որպես ապագա որոշումներ կայացնողներ, երիտասարդները պատասխանատու են բնության պաշտպանության և պահպանման համար: Այսպիսով, տեղեկացված երիտասարդությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանում բնության պահպանության գործում»: Հանդիպումների ժամանակ WWF Հայաստանը մի շարք նվիրատվություններ կատարեց, ինչպես նաև ընձառյուծի և Հայաստանում նրա պահպանության մասին տեղեկատվական նյութեր հանձնեց դպրոցականներին: Նախկինում WWF Հայաստանը նաև որոշակի տեխնիկական և ուսումնական սարքավորումներ, ինչպես նաև փոքր ենթակառուցվածքներ (մանկական խաղահրապարակ, արևային էլեկտրակայան և այլն) է նվիրաբերել Սյունիքի սահմանամերձ թիրախային համայնքների դպրոցներին և մանկապարտեզներին։
