Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ

Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։  Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:
 
Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց ձոր) 26 համայնքում։ Տրամադրված փոքր դրամաշնորհների շնորհիվ այդ համայնքներում լուծվել են այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների բարեկարգում, ջրագծերի անցկացում, արտաքին լուսավորության ապահովում և այլն։
 
Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։
 
Բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միևնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։  Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները կարողանում են մասնակցել նաև պետական սուբվենցիոն ծրագրերի և լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։ էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝   
  • գյուղտեխնիկայի, շինարարական և ուղևորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում և Սիսիանում,
  • արևային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,
  • բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,
  • մակատեղիների և հովվի տնակի կառուցում Հորսում։
ECF Closing