Վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները

2019 թվականի նոյեմբերի 19-ին լուրեր տարածվեցին, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Առաջատար բնապահպանական կազմակերպությունների կողմից  տարածքում կատարվել են հետազոտություններ, տեղադրվել են ֆոտոխցիկներ: 2020 թվականի փետրվարի 24-ին Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին ներկայացվեցին հետազոտությունների արդյունքները։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ դաշտային աշխատանքների արդյունքում մասնագետները կատվազգիներին բնորոշ հետքեր են հայտնաբերել: Հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցվել են կենդանու մազերը և ուղարկվել Գերմանիա՝ լաբորատոր հետազոտության: Ըստ ստացված պատասխանների՝ կենդանին եղել է լուսան, ոչ թե ընձառյուծ:

Չնայած հետազոտության արդյունքներին՝ կենդանու հարձակումից տուժած Արման Գաբրիելյանը նշեց, որ շարունակում է մնալ իր տեսակետին. այն է՝ իր վրա հարձակված գազանն ընձառյուծ է եղել:

FPWC ընկերության տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և NABU Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը նույնպես նշեցին, որ իրենց կողմից տեղադրված ֆոտոթակարդներն ընձառյուծ չեն արձանագրել։ Ինչպես նշեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների  կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը՝ այդ տարածքում ընձառյուծի հայտնվելը քիչ հավանական է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ տարածքում բացակայում է ընձառյուծի հիմնական կերը՝ բեզոարյան այծը։

Մասնագետները նկատեցին, որ հետազոտությունները տվյալ տարածքում կշարունակվեն։
 
Yenokavan PA