Բուսաբանական այգին կունենա նոր էկոկրթական կենտրոն
Posted on March, 06 2020
Մարտի 5-ին Երևանի բուսաբանական այգում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանի, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի և GIZ-ի կողմից իրականացվող ECOserve ծրագրի ղեկավար Թոբիաս Վիթմանի միջև։ Հուշագիրը փաստում է այն մասին, որ շուտով այգում կստեղծվի կենսաբազմազանության տեղեկատվական և էկոկրթական կենտրոն՝ հագեցած ժամանակակից լուծումներով։Կազմակերպությունները կարևորում են Ինստիտուտի և Երևանի Բուսաբանական այգու անձնակազմի ներուժը, էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման գործում դրա անփոխարինելի դերակատարումը և առկա գիտական ժառանգության գալիք սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը։ Էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման աջակցությունը WWF Հայաստանի և GIZ-ի գործունեության հիմնական ուղղություններից է։
Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների և մարդու բարեկեցության վրա նրանց ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: