Մեր աշխատանքը | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մեր աշխատանքը

© WWF Armenia

WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը: Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է «Արևիք» ազգային պարկի, «Զանգեզուրի» և «Խուստուփ» պետական ​​արգելավայրերի և «Արփա» պահպանվող լանդշաֆտի զարգացման ու հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները (ընդհանուր մակերեսը 73.222 հա, կամ երկրի տարածքի 2.5% -ը):

WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում պահպանվող տարածքներին։ Անձնակազմի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, նյութատեխնիկապես զինում՝ պահպանության, հետազոտության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի զարգացման նպատակով: WWF-ն աջակցում է նաև այնպիսի հարցերով, ինչպիսին են ռենջերների կացարանի համար անհրաժեշտ հարմարությունները, սարքավորումները, արտաճանապարհային տրանսպորտային միջոցները, ճանապարհային արգելափակոցները, հեռադիտակներ, լուսանկարչական սարքեր և այլն:
 
WWF-ն աշխատանքներ է տանում կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ, համագործակցում է տեղական համայնքների հետ, խթանում բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և ստեղծում այլընտրանքային եկամտի աղբյուրներ, որոնք նպաստում են նաև կենսաբազմազանության պահպանությանը։ Սա ներառում է էկոտուրիզմի (օր․՝ հյուրատներ), մեղվաբուծության զարգացում, այգիների հիմնում, անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրում:
 
WWF-ի հայաստանյան մասնաճյուղն ստեղծեց տարածաշրջանում առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը, որը միացրեց «Արփի լիճ» ազգային պարկը (Հայաստան) և «Ջավախեթի» պահպանվող տարածքները (Վրաստան):
 
WWF-ն աշխատանքներ է տանում նաև կլիմայի փոփոխության կանխման և հետևանքների մեղմման ուղղությամբ` միջոցներ ձեռնարկելով անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելուն: Դա արվում է անտառների վերականգնման և վերափոխման նախագծերի միջոցով, որոնց շնորհիվ մոնոկուլտուրային սոճու անտառները համակցվում են լայնատերև անտառների հետ` կլիմայի փոփոխություններին դիմակայելու համար։ 

​WWF-ն աշխատում է առաջնահերթության սկզբունքով` Հայաստանի բնական միջավայրի վատթարացումը կանխելու, պահպանվող տարածքների զարգացման և ամրապնդման, անհետացող տեսակների պահպանման և էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ:

Բնության ժառանգություն