Ի՞նչ եք ցանկանում փնտրել

«Բարև Թրեյլզ» կամավորական նախագծի չորրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը Լոռու մարզի Դսեղ համայնքում

Սեպտեմբերի 21-28-ը Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Շվեյցարիայից ժամանած կամավորները մասնակցեցին «Բարև թրեյլզ» (Barev Trails) էկոտուրիզմի զարգացման ծրագրի չորրորդ փուլին, որը տեղի ունեցավ Լոռու մարզի Դսեղ համայնքում: Ծրագրի այս փուլը նվիրված էր մեծանուն հայ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին և նպատակ ուներ զարգացնել էկոտուրիստական ենթակառուցվածքները նրա ծննդավայրի տարածքում:

Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը, իրականացվել է «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը։

Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները կատարել են հետևյալ աշխատանքները․
  • բարեկարգվել են «Գիքոր» և «Դսեղ» քայլարշավային արահետները, ինչպես նաև ստեղծվել է մեկ հեծանվային արահետ,
  • տարածքում տեղադրվել է 12 բուսական և կենդանական աշխարհը, 3 պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական և 19 ուղղորդող ցուցանակ,
  • արահետների գլխամասերում տեղադրվել է 2 տեղեկատվական փայտյա կրպակ՝ այցելուներին արահետի մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար,
  • քայլարշավային արահետների սկզբնամասում տեղադրվել է Հ. Թումանյանի լրացված իրականությամբ (AR) ցուցանակ, որը սկանավորելով ARLOOPA հավելվածի միջոցով այցելուները կտեսնեն Թումանյանի պատկերը և կլսեն տեղեկատվություն Դսեղի մասին:
  • «Գիքոր» քայլարշավային արահետի սկզբնամասում տեղադրվել է QR-կոդով ցուցանակ, որտեղից հնարավոր է ներբեռնել Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքը (հայերեն և անգլերեն) և արահետով քայլելու ընթացքում լսել այն,
  • իրականացվել է արահետի ամբողջական գծանշում էկոլոգիապես մաքուր ներկերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան, արահետի դժվարանցանելի մասերում իրականացրել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
Բացի կատարված աշխատանքներից կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։ Տվյալ ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր:
© WWF Armenia
Barev Trails 4
© WWF Armenia
Barev Trails 4
© WWF Armenia
Barev Trails 4