Նորաձևության և բնության միաձուլումը | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Նորաձևության և բնության միաձուլումը

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը Հայաստանում առաջին անգամ ներկայացնում են նախագիծ, որի շրջանակներում նորաձևությունն աջակցում է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ 

Նախագիծն իրականացվել է  Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում, մոդելներ Մարիկա Թունյանի, Նարե Զաքարյանի, Լյուսի Հայրապետյանի, Լիանա Թովմասյանի մասնակցությամբ, որոնք կրել են դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած հավաքածուն։ Այն ամբողջությամբ ներշնչված է բնությունից և նպատակ ունի շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը, որն արտացոլվել է հագուստների և աքսեսուարների դիզայնի տարրերում։ 

Ինչպես նշում է WWF Հայաստանի PR ղեկավար Հերմինե Հակոբյանը՝ «Այսօր թրենդային է կիրառել ոչ ստանդարտ լուծումներ բնապահպանական իրազեկվածության ապահովման համար։ Այս նախաձեռնությունը այդպիսի մոտեցումներից մեկն է և հուսով ենք, որ այն դուր կգա հանրությանը։ Նախաձեռնության ուղերձն է՝ ապրել բնության հետ ներդաշնակ»։

Հավաքածուի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է կենտրոնի պահպանությանը։ 
Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։ Տեսակն անհետացել է Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին։ Կենտրոնը բաց է այցելուների համար ամեն օր առավոտյան 9։00-ից մինչև երեկոյան 18։00։
Fashion Project