Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մեր պատմությունը
© WWF Armenia

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) բնության պահպանության հարուստ պատմություն ունի։ WWF-ն աշխատում է ավելի քան 100 երկրում, ամբողջ աշխարհից ունի բազմաթիվ աջակիցներ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար բնապահպանական կազմակերպություններից մեկը: WWF-ը համագործակցում է կառավարությունների, մասնավոր հատվածի, համայնքների և անհատների հետ՝ բազմաթիվ կարևոր բնապահպանական խնդիրներ լուծելու նպատակով: 

WWF-ը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 2002 թվականից, իսկ արդեն 2006 թվականին գրանցվել որպես WWF International-ի պաշտոնական մասնաճյուղ, որպես WWF Կովկասյան ծրագրերի գրասենյակի մի մաս:

Հայաստանը զբաղեցնում է 29,743 քառակուսի կմ տարածք և գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Լանդշաֆտը բազմազան է՝ ներկայացված տարբեր կլիմայական գոտիներում՝ ներառելով կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, ենթալպյան և ալպյան գոտիներ:

Հայաստանի տարածքի գերակշիռ մասը լեռնային է։ Տարածքի 90%-ը գտնվում է ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա (1000-2500 մ-ի սահմաններում): Հայաստանի ամենաբարձր գագաթն Արագածն է ՝ 4090 մ:

Ի՞նչն է կարևոր
© WWF Armenia

Հայաստանը գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում, ինչը ցավոք նաև երկրագնդի 34 ամենավտանգված կետերից մեկն է (Conservation International-ի կողմից (Mittermaier et al., 2004)): Որպես վերջերս նոր սահմանված Մեծ Սևծովյան տարածաշրջանի մաս՝ այն ընդգրկված է WWF-ի 35 գերակա կետերում՝ համաշխարհային մասշտաբով ճանաչված որպես կարևորագույն էկոտարածաշրջան (WWF, 2008):

Հայաստանն աչքի է ընկնում բույսերի և կենդանիների հարուստ բազմազանությամբ: Մի փոքր տարածքում կուտակվել են ավելի քան 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր և ավելի քան 17500 տեսակ կենդանիներ՝ ներառյալ ողնաշարավորների 536 տեսակ: Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է բարձրակարգ բույսերի 452 տեսակ, սնկերի 40 տեսակ, ողնաշարավորների 153 տեսակ և անողնաշարավորների 155 տեսակ։ Մի շարք տեսակներ գրանցված են ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:

Հայաստանն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։

© WWF Armenia

Նորություն չէ, որ գեղեցիկ բնությունը նպաստում է զբոսաշրջության զարգացմանն ամբողջ աշխարհում։ Հայաստանը բացառություն չէ: Մեր բնությունը երկրի զբոսաշրջությունը խթանելու, նոր աշխատատեղեր և կայուն արտադրություն ստեղծելու, ինչպես նաև տնտեսության զարգացմանը նպաստելու հիանալի հնարավորություն է տալիս։

Ոգեշնչվեք Հայաստանի բնությամբ