Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ քայլեր
© WWF Armenia

Այսօր շատ է խոսվում կլիմայական փոփոխությունների մասին, որոնք արդեն նկատելի են ողջ աշխարհում: Շուրջ կես դարի ընթացքում  մարդկային գործունեության հետևանքը եղել է այն, որ մթնոլորտում զգալիորեն ավելացել են ջերմոցային գազերի քանակները, ինչն էլ մեծ հետք է թողել կլիմայի փոփոխության վրա:

Վերջին 130 տարվա ընթացքում աշխարհում ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,85 աստիճանով: Անցած 25 տարիների ընթացքում գլոբալ տաքացման գործընթացն էականորեն արագացել է: Ծովի մակարդակը բարձրանում է, սառցադաշտերը հալվում են, փոխվում  է տեղումների բնույթը: Բնական աղետները դառնում են ավելի ինտենսիվ և հաճախակի: Առավել ընդգծված են դարձել էքստրեմալ եղանակային երևույթները՝ տաք ձմեռները, շոգ ամառային օրերը, ջրհեղեղներ և այլն:

Բնականաբար գլոբոլ էկոլոգիական գործընթացներից Հայաստանը ևս անմասն չէր կարող մնալ: Կլիմայական փոփոխություններն աննկատ չեն անցել նաև մեր երկրի համար: Վերջին տարիների կտրվածքով  արձանագրվել է ջերմաստիճանի բարձրացում շուրջ 1,3 աստիճանով, ընդլայնվել են անապատացող տարածքները, գետերը դարձել են սակավաջուր, աննախադեպ է նաև անտառային հրդեհների թիվը, որոնք մեծապես վնաս են հասցրել Հայաստանի կենսաբազմազանությանը:  

© WWF Armenia
Ի՞նչ քայլեր են արվում կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ

WWF Հայաստանը, համագործակցելով տեղական մարմինների հետ, աշխատում է կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների կանխման ուղղությամբ, պայքարում է ապօրինի անտառհատումների դեմ, իրականացնում է անտառների կայունության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Անտառային տարածքների կրճատումը մեծ ազդեցություն ունի նաև կլիմայի փոփոխության վրա: Խնդրի մեղմման նպատակով WWF Հայաստանն իրականացրել է «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիրը: Այն միտված է անտառների կայունության բարձրացմանը՝ հենց  կլիմայի փոփոխության նպատմամբ (առավել մանրամասն տես` ԱՆՏԱՌ բաժնում):

Մի շարք միջոցառումների արդյունքում ավելի դիմացկուն անտառներն ինքնուրույն կկարողանան դիմակայել կլիմայական տատանումներին՝ երաշտներին, սառնամանիքներին, ջրհեղեղներին, դրանով իսկ կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը: Իրականացված աշխատանքները աջակցել են  ածխածնի պաշարի պահեստավորմանն ու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության բարձրացմանը: Այս ամենից զատ,  բարելավվել է համայնքների  սոցիալ-տնտեսական վիճակը, ստեղծվել են նոր աշխատատեղեր և այլն:

Բացի այս, WWF-ն աշխատանքներ է տանում նաև կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ համագործակցելով կրթական հաստատությունների, տեղական համայնքների և ՀԿ-ների հետ։ Համայնքներիի բնակիչներն իրազեկվում են կլիմայի փոփոխության ազդեցությունների մարտահրավերների  վերաբերյալ  և կարևորում իրենց դերը դրանց  մեղմման գործում:

Ներկայումս WWF-ն իր բոլոր ծրագրերում հնարավորության դեպքում շինությունները ձգտում է կահավորել արևային վահանակներով, ինչպիսին է օրինակ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կառուցված բազմացման կենտրոնի գրասենյակը։

© WWF Armenia

«Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի տանիքին տեղադրվել է 7,5 ԿՎտ հզորության արևային կայան, որը ձմռան ամիսներին բնակավայրի դպրոցին ամբողջությամբ ապահովում է ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայով։ Միևնույն ժամանակ ամռան ամիսներին կայանը հնարավորություն է տալիս դպրոցին կուտակել արևային էներգիա՝ հետագայում և՛ դպրոցի, և՛ համայնքի կարիքների ապահովման նպատակով։ Կայանի տեղադրման նշանակությունը մեծ է դպրոցի համար, քանի որ մինչ այդ ձմռան ամիսներին ոչ բավարար ջեռուցման պատճառով ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում դասապրոցեսի ընդհատումներ։ Այս ծրագրով լուծվել է և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդիր:

Կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համատեքստում ամբողջ աշխարհը հետզհետե սկսում է մեծ նշանակություն տալ էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը: Ինչպես արդեն նշեցինք, այս ուղղություններն առաջնահերթ նշանակություն ունեն նաև տնտեսական և սոցիալական նպատակների ապահովման հարցում:

Հայաստանի 8 համայնքում ներդրվել է փողոցների արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:

 

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրի շրջանակներում Շաղիկ համայնքում արդիականացվել և ջերմամեկուսացվել է գյուղապետարանի շենքը, համայնքի բնակելի տներում տեղադրվել են երկշերտ պատուհաններ և ջերմամեկուսացնող դռներ, կատարվել են բնակելի տների նախամուտքերի  վերականգնման և  ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչպես նաև ստեղծվել է արևային ջեռուցման համակարգով աշխատող հանրային բաղնիք։

Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել