Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում
© WWF Armenia

WWF  Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ոչ միայն անտառվերականգնման և նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման գործընթացներին, այլև  աշխատանքներ է տանում  անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավման ուղղությամբ:

Այս առումով աշխատանքներ են տարվել «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում» (FLEG I, FLEG II) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ​​որը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից, ինչպես նաև Ավստրիական զարգացման համագործակցությունն (ԱԶՀ) ապահովել է ծրագրի հավելյալ ֆինանսավորում մի շարք լրացուցիչ գործողությունների իրականացման  համար:

Այս համատեքսում հարկ է ընդգծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում երկու անտառային արգելավայրերի, ինչպես նաև «Գյուլագարակի» և «Զիկատար» արգելավայրերի կառավարման և օրենքի կիրարկման արդյունավետության գնահատման  ու  ապօրինի գործողությունների նվազեցման ուղղությամբ հզորությունների ստեղծման գործողությունը:

Գործողությունների արդյունքում  մշակվել են «Գյուլագարակի» և «Իջևանի» (ներառյալ «Արջատխլենու») արգելավայրերի կանոնադրությունների նախագծերը, ինչպես նաև «Գյուլագարակի» արգելավայրի կառավարման պլանի հայեցակարգը: Բացի այդ, «Իջևանի» և «Արջատխլենու»  արգելավայրերի համար ստեղծվել են նախնական GIS քարտեզներ, ինչպես նաև դրանց սահմանների վերանայման և կանոնադրությունների հաստատման վերաբերյալ կառավարության որոշման նախագծեր:

© WWF Armenia

Կատարվել են նաև ուսումնասիրություններ Հայաստանում մասնավոր փայտամշակող հատվածի ուղղությամբ և արվել բարելավմանը միտված առաջարկություններ:

Իրավական հարթությունում WWF Հայաստանի ներդրումներից խոսելիս՝ հարկ է նշել «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության ուղեցույց»-ի մշակման, հրատարակման և ուսուցողական դասընթացի կազմակերպման աշխատանքները:

Բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների  (ԲԲԱԱ) հայեցակարգը ադապտացվել է Հայաստանում կիրառական դարձնելու նպատակով, պատրաստվել և հրատակարվել է բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների գնահատման  ուղեցույց:

Իրականացվել է նաև Հայաստանի անտառային ոլորտի համար էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսական գնահատման (TEEB) ուսումնասիրություն: Ընտրված համայնքների համար մշակվել և իրականացվել են  անտառի վրա հիմնված այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման պիլոտային ծրագրեր՝ էկոտուրիզմի, անտառի ոչ-բնափայտային արտադրանքի և այլ ուղղություններով:

Ինչպես նախորդող բոլոր ծրագրերում, այստեղ ևս առանձնակի տեղ է զբաղեցրել թիրախային  խմբերի  իրազեկության բարձրացումը, ինչը կայուն անտառկառավարման ապահովման դիտանկյունից կարևորագույն բաղադրիչ է: Կազմակերպվել են քննարկումներ համայնքների բնակիչների հետ, անցկացվել են բազմաթիվ կրթական դասընթացներ, մրցույթներ, ճամբարներ, բաց դասեր թիրախ համայնքների երեխաների համար, պատրաստվել են օրացույցներ՝ նվիրված անտառի թեմային, «Հյուսիսային Հայաստանի անտառային բարիքները» գիրքը, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և անտառները» քարտեզ-գրքույկը։

Հրատարակված նյութերը լայնորեն տարածվել են պետական և ոչ պետական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանում: Կազմակերպվել են սեմինարներ՝ վերոնշյալ հրատարակությունները ներկայացնելու նպատակով: 

Իրազեկվածության բարձրացման շրջանակներում 2016 թվականին հրատարակվել է «Կանաչ Հայաստան» գիրքը՝ պատրաստված ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտի» հետ համատեղ ջանքերով։

Գրքի աշխատանքներին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հետազոտողներ։ «Կանաչ Հայաստան» գիրքը նվիրված է Հայաստանի անտառներում և այլ բուսական համակեցություններում աճող բույսերին:


 

© WWF-Armenia
Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել