Ի՞նչ եք ցանկանում փնտրել

WWF Հայաստանի քայլերն՝ անտառների պահպանության ուղղությամբ
© WWF Armenia

Բնապահպանական  ծրագրերն անհնարին է պատկերացնել առանց անտառպատման և անտառվերականգնման աշխատանքների: WWF Հայաստանն իրականաացրել է մի շարք լայնածավալ գործողություններ այդ ուղղությամբ:

Հաշվի առնելով անտառային տարածքների վերականգնման սոցիալական, տնտեսական և բնապահպանական  կարևորությունը` WWF Հայաստանը 2008-2011թթ իրականացրել է «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացում Հարավային Կովկասում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր ընտրված պիլոտային տարածքներում անտառային էկոհամակարգերի վերականգնումը՝ ածխածնի պահեստավորման ավելացման և կլիմայի փոփոխության մեղմացման նպատակով: Ծրագիրն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  և Armenia Tree Project (ATP) բարեգործական հիմնադրամի հետ, որի արդյունքում Լոռու մարզում անտատապատվել է շուրջ 630 հա տարածք:

Կլիմայի փոփոխության անցանկալի ազդեցության մեղմմանն էր ուղղված նաև WWF Հայաստանի կողմից 2011-2015թթ իրականացրած «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիրը, որի  հիմնական նպատակներն էին բարձրացնել Հայաստանի անտառային էկոհամակարգերի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ, բարելավել կենսաբազմազանությունը ու տեղական բնակչության  կենսամիջոցները, աջակցել անտառկառավարող մարմնին միատարր անտառտնկարկները տրանսֆորմացիային ենթարկելու հարցում:

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 150 հա միատարր տնկարկներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում տրանսֆորմացվել են ավելի կայուն խառը տնկարկների, տպագրվել են «Անտառի տրանսֆորմացիայի ուղեցույցը» և «Կլիմայի փոփոխություն և անտառի տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» ուսուցողական ձեռնարկը:

Մենք կարևորում ենք անտառների կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կարողությունների զարգացումը: Այս համատեքստում  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել է ուսումնական ուղևորություն դեպի Գերմանիայի Հեսեն ֆեդերալ նահանգ՝ անտառի տրանսֆորմացիայի փորձին ծանոթանալու նպատակով:

Զուգահեռաբար, WWF Հայաստանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին նվիրաբերել է անտառային սարքավորումներ և գործիքներ, որոնք  օգտագործվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում անտառի տրանսֆորմացիայի գործողությունների իրականացման համար:

WWF Հայաստանի մշտական ուշադրության  կիզակետում է անտառամերձ համայնքների հետ համագործակցությունը և նրանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը: Այդ նպատակով մեր կողմից իրականացված բոլոր անտառային ծրագրերում լայնորեն կիրառվել է մասնակցային պլանավորման գործիքակազմը, ստեղծվել են հարյուրավոր ժամանակավոր աշխատատեղեր, անտառապատման աշխատանքների համար կիրառվել են այնպիսի պտղատու տեսակներ, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են լրացուցիչ եկամտի աղբյուր հանդիսանալ հարակից համայնքների բնակիչների համար: 


 

© WWF Armenia

WWF Հայաստանն իր աշխատանքներում կարևորում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Մեր կողմից իրականացված անտառային ծրագրերի քարտեզագրման  և մշտադիտարկման աշխատանքների մի մասն իրականացվել է անօդաչու սարքերի (դրոնի) կիրառմամբ:

2017թ-ին Վայոց Ձորի Արենի համայնքում տեղի դպրոցականների և «Արփա» պահպանվող լանդշաֆտի աշխատակիցների հետ միասին տնկված ծառերը, տրամադրված ATP բարեգործական հիմնադրամի կողմից, ոռոգվում են կաթիլային համակարգի միջոցով, ինչի կիրառումն ապահովում է ծառերի առավել կայուն աճ և ջրային ռեսուրսների խնայողություն:
 

Աջակցություն «Իջևանի» պետական արգելավայրի ստեղծմանը

Հայաստանում ENPI FLEG II ծրագիրը մեկնարկել է 2013 թ.-ին, ​​ֆինանսավորվել  Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իսկ Ավստրիական զարգացման համագործակցությունն (ԱԶՀ) ապահովել է ծրագրի հավելյալ ֆինանսավորում մի շարք լրացուցիչ գործողությունների իրականացման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվել են  մի շարք  միջոցառումներ` ուղղված ՀՀ Տավուշի մարզում առկա երեք անտառային արգելավայրերի հիման վրա օպտիմալացված «Իջևանի» արգելավայրի ստեղծմանն ու գործունեության համար պայմանների ապահովմանը:

ՀՀ կառավարությունն «Իջևանի» արգելավայրի ստեղծումը ներառել է «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարություն, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիր» փաստաթղթում, որն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին:   

Իրականացվել է օպտիմալացված արգելավայրի սահմանների քարտեզագրում և հստակեցում: Պլանավորված այլ գործողությունների արդյունքում մշակվել են կառավարման պլանի նախագիծը, ինչպես նաև արգելավայրի ստեղծման, դրա սահմանների, կանոնադրության և կառավարման պլանի հաստատման համար իրավական փաստաթղթերի նախագծերը:

Հարկ է նշել նաև, որ արգելավայրն անմիջականորեն կից է «Դիլիջան» ազգային պարկին, ինչն ապահովում է նույնատիպ անտառային էկոհամակարգերի շարունակություն հանդիսացող տարածքների պահպանությունը:

© WWF Armenia

Անտառային ծրագրեր իրականացնելիս չափազանց կարևորվում է կրթական գործոնը և տեղի բնակչության գիտելիքների բարձրացումը:

Այս առումով,  մեր կողմից իրականացված անտառային ծրագրերի շրջանակներում  մշտապես իրականացվում են ԲՈՒՀ-երի ուսանողների ուսումնական այցեր, կազմակերպվում  են բաց դասեր անտառապատվող տարածքներում, իսկ դրանց հարակից համայնքների դպրոցներում անցկացվում են  ստեղծագործական մրցույթներ և սեմինարներ։

Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել