Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում
© WWF Armenia
ԲՀՊՏ-ների համակարգը

WWF Հայաստանն իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ստեղծմանն ու հզորացմանը: Միջազգային դոնորների ֆինանսավորմամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ուղղությամբ:
 
Արդյունքում վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի (ՀՀ) ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքն ավելացել է 85 530 հեկտարով (հա), ինչի շնորհիվ ներկա պահին այն կազմում է 386 914 հա կամ ՀՀ տարածքի 13 %-ը։
 

© WWF-Armenia

Հայաստանում առկա են պահպանման տարբեր ռեժիմներ ունեցող պահպանվող տարածքներ, այդ թվում՝ 3 պետական արգելոց (Խոսրովի անտառ, Էրեբունի և Շիկահող պետական արգելոցներ), 4 ազգային պարկ (Արևիք, Արփի լիճ, Դիլիջան և Սևան ազգային պարկեր), 27 պետական արգելավայր և 262 բնության հուշարձան:

ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացում

WWF Հայաստանը մեծածավալ քայլեր է ձեռնարկել Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Իրականացված բազմաթիվ միջոցառումների շարքում են՝ «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներին, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող պահպանվող տարածքներին տրամադրվող նյութատեխնիկական աջակցությունը՝ ամենագնաց ավտոմեքենաներ, հեռադիտակներ տեսախցիկներ, հեռակառավարվող թռչող սարքեր՝ դրոններ, արգելափակոցներ, ցուցանակներ, պարեկային տնակներ, ինչպես նաև մի շարք  կարողությունների զարգացման բազմաբնույթ միջոցառումներ՝ դասընթացներ, վարժանքներ, դաշտային այցեր և այլն:

Մեր կողմից իրականացվում են նաև աշխատանքներ բնության հուշարձանների պահպանությունը և զարգացումն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, մշակվել և հաստատվել են «Սատանի կամուրջ» և «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանների անձնագրերը, մշակվել է «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի զարգացման նախագիծը և տարածքում ստեղծվել են մի շարք ենթակառուցվածքներ՝ պարեկային տնակ, տեսախցիկների վերահսկման համակարգ և այլն:

© WWF Armenia
Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում

WWF Հայաստանը մեծ ներդրում ունի Հայաստանում նոր պահպանվող տարածքների ստեղծման գործում:

Ստեղծել հատուկ պահպանվող տարածք նշանակում է հիմնել և գործարկել ամբողջ մի կառույց, որը կապահովի տարածքի պահպանությունը, կենսաբազմազանության մոնիթորինգը, էկոտուրիզմը, համագործակցությունը համայնքների հետ, և մի շարք այլ գործառույթներ: WWF Հայաստանն աջակցում է ՀՀ կառավարությանը ոչ միայն ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացում, այլ նորաստեղծ պահպանվող տարածքներին տրամադրում է հետևողական աջակցություն՝ բարձրացնելով կառավարման արդյունավետությունը:

Այսպես, օրինակ՝ WWF-ի ծրագրերի շրջանակներում, «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի» (CEPF) և WWF Գերմանիայի աջակցությամբ 2009թ.-ին ստեղծվել են «Արևիք» ազգային պարկը և «Զանգեզուր» պետական արգելավայրը: Մեր կողմից իրականացվել են կենսաբազմազանության անհրաժեշտ հետազոտություններ, ստեղծվել են տարաբնույթ ենթակառուցվածքներ, նախագծվել է ազգային պարկի կանոնադրությունը ու կառուցվածքը և այլն:

«Արևիք» ազգային պարկի ստեղծման հիմնական նպատակն է Մեղրու և Զանգեզուրի լեռնաշղթաների լայնատերև անտառների և գիհու նոսրանտառների պահպանությունը: Տարածքում աճում են ավելի քան 1500 բարձրակարգ բույսի տեսակ և ավելի քան 245 ողնաշարավոր կենդանատեսակ: Ազգային պարկի տարածքը Հայաստանում կովկասյան ընձառյուծի հիմնական ապրելավայրերից է: Այստեղ են հանդիպում բազմաթիվ էնդեմիկ ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: «Զանգեզուր» պետական արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է Հայկական մուֆլոնի ապրելավայրերի պահպանությունը:

Շարունակելով ԲՀՊՏ-երի ցանցի ընդլայնման գործընթացը՝ WWF Հայաստանի կողմից իրականացվող և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ), KfW բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում 2009 թ․-ին Շիրակի մարզում ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը, որը սահմանակցում է Վրաստանի հարավում ստեղծված «Ջավախեթի» ազգային պարկին։ Այն ՀՀ առաջին անդրսահմանային պահպանվող տարածքն է: «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմնական նպատակն է պահպանել պարկի տարածքներում ներկայացված լանդշաֆտների, էկոհամակարգերի, ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը, աջակցել պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը և ստեղծել հնարավորություններ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Այս տարածքին բնորոշ էկոհամակարգն իր լեռնային տափաստաններով, ենթալպյան մարգագետիններով, ինչպես նաև լճերով և խոնավ տարածքներով յուրօրինակ է մեր տարածաշրջանի համար:  Ազգային պարկի տարածքը հայտնի է իր թռչնաշխարհով: Այստեղ գրանցվել են  թռչունների 194-ից ավելի տեսակներ, որոնցից մոտ 120-ը այստեղ էլ բնադրում են: Դրանց թվում են՝ գանգրափետուր հավալուսանը և մարգահավը, հայկական որորը և այլն: Ազգային պարկի հիմնման ընթացքում տարածքում կառուցվել է ադմինիստրատիվ մասնաշենք, հյուրատուն, այցելուների կենտրոն, և այլ ենթակառուցվածքներ, մշակվել են անհրաժեշտ փաստաթղթերը, բուֆերային գոտու հարակից համայնքների կենսամակարդակի բարելավման ծրագիրը և այլն:

Մեկ այլ նորաստեղծ բնության հատուկ պահպանվող տարածք է «Խուստուփ» պետական արգելավայրը: Այն ստեղծվել է 2013 թ.-ին, WWF-ի կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP/GEF) և «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի» (ԿԷՀՀ, անգլ.՝ CEPF) համաֆինանսավորմամբ: Այն  ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: «Խուստուփ» պետական արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը Խուստուփի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

Մենք կարևորում ենք նաև պահպանվող տարածքների կառավարման այլընտրանքային և նորարարական մոդելների ներդրումը և զարգացումը Հայաստանում: Այդ նպատակով ստեղծվել են մի շարք համայնքային պահպանվող տարածքներ, այդ թվում «Արփա» նախկինում՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, որը կառավարվում է Վայոց ձորի Արենի և Խաչիկ համայնքների կողմից ստեղծված «Արփա» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամը: «Արփա» պահպանվող լանդշաֆտի ստեղծման աշխատանքները սկսվել են 2011թ.-ից ՄԱԶԾ-ԳԷՀ «Հայաստանի պահպանվող տարածքների զարգացում» և ԲՀՀ-ԿԷՀՀ  ծրագրերի շրջանակում, սակայն գործունեություն է ծավալել 2014թ.-ից: Պահպանվող տարածքի մակերեսը կազմում է 3000 հա: Այդ տարածքը հանդիսանում է կարևոր միջանցք խոշոր և ակտիվ տեղաշարժվող  կենդանիների համար, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան  այծը,  հայկական մուֆլոնը, գորշ արջը, եվրասիական լուսանը և այլն: «Արփա» պահպանվող լանդշաֆտի ստեղծման նպատակն է բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, կենդանիների անվտանգ տեղաշարժը, համայնքների զարգացումը:

© WWF Armenia
Տեսլականում

Ընթացքում է Տաթևի տարածաշրջանում «Տաթև» ազգային պարկի ստեղծումը: Այս առումով մշակվել է «Տաթև» ազգային պարկի քարտեզ, որը  հաստատվել  է համայնքների կողմից:

Մասնավորապես՝ որոշակի տարածքներ ազգային պարկի տարածքում  ընգրկելու մասով  կայացվել են որոշումներ տարածաշրջանի համայնքների ավագանու կողմից: Պատրաստվել է «Տաթև» ազգային պարկի կառավարման պլանի նախագիծը և կանոնադրությունը: Նոր ազգային պարկ ստեղծելու աշխատանքները շարունակվում են։

© WWF Armenia
Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել